Ոգևորությունն անտեղի է․ նախ պետք է հասնել Կալաձեին․ Հակոբ Բադալյան
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է, որ ըստ ամենայնի խցանումների դեմ պայքարի շրջանակում կկիրառեն որոշ թաղամասեր մուտքը վճարովի սահմանելու տարբերակ։
Սա Երևանում է ոգևորել քաղաքային իշխանության և ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների։ Բայց, այդ ոգևորությունը մեղմ ասած անտեղի ու անհիմն է, մի քանի պատճառով։
Նախ, ի տարբերություն Երևանի ներկայիս քաղաքապետի, Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել երեք անգամ, և ոչ թե ստանալով թբիլիսցիների ձայների մոտ 9–10 տոկոսը՝ ինչպես Երևանի ներկայիս քաղաքապետը, այլ ստանալով 50 տոկոսից ավելին, իսկ վերջին ընտրությանը՝ 71 տոկոսը։ Կրկնեմ, Վրաստանում ուղիղ քվեարկությամբ են ընտրում քաղաքապետին։
Երկրորդ, Թբիլիսիում պաշտոնապես կա գրանցված մոտ 850 հազար ավտոմեքենա, այն դեպքում, երբ Երևանում դրանց թիվը մոտ 400 հազար է։ Այսինքն, Թբիլիսիում կա երկու անգամ ավելի ավտոմեքենա։ Միաժամանակ, Թբիլիսիում գրեթե նույնքան ավելի են նաև նորակառույց ենթակառուցվածքները։ Միաժամանակ, Թբիլիսիով անցնում են անհամեմատ ավելի մեծ ծավալի տարանցիկ հոսքեր։
Երբ կատարվում են այդ ծավալի աշխատանքներ, բայց դրանք դարձյալ սկսում են չբավականացնել, ապա որոշակի հատվածներով երթևեկությունը վճարովի դարձնելու հարցը ինչ որ իմաստով դառնում է քննարկման ենթակա։
Երևանի պարագայում, նախ պետք է հասնել այդ «փուլին»՝ քաղաքի կառավարման աշխատանքով, նոր հետո միայն քննարկել այդպիսի հարցեր։ Առայժմ Երևանը քաղաքային միջավայրի ապականման փուլում է։

