Ռումինիան պատրաստ է վճարել իր տարածքում ամերիկյան զորքերի տեղակայման համար

Ռումինիան պատրաստ է մասնակցել իր տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի ֆինանսավորմանը և ակնկալում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկուշոր Դանը։

Բուխարեստն արդեն Վաշինգտոնին է ներկայացրել ամերիկյան զորակազմի պահպանման ծախսերը կիսելու ծրագիր։ Այդ նախաձեռնությունն ի հայտ է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում են Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր կրճատմանը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրի տարածքում լինեն ավելի շատ ամերիկյան զորքեր և հարվածային ավելի մեծ հնարավորություններ»,- ընդգծել է Դանը։

Ներկայումս Ռումինիայում տեղակայված է ԱՄՆ 1172 զինծառայող, մինչդեռ նախկինում նրանց թիվը մոտ 1700 էր։ Ռումինիայի նախագահն ընդգծել է Սև ծովի ափին գտնվող «Միխայիլ Կոգալնիչանու» ավիաբազայի և Դևեսելուում տեղակայված ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար։

Այս տարվա սկզբին Իրանի դեմ իրականացված ամերիկյան ռազմական գործողության ընթացքում Ռումինիան թույլ էր տվել ամերիկյան ուժերին օգտվել իր ենթակառուցվածքներից։