Իշխանությունը գուցե ավելի շատ է վախենում այս գործընթացից, քան այս պահին տեսնում ենք․ Արմեն Աշոտյան

Իշխանությունների պահվածքը չի փոխվելու, պետք է փոխել իշխանություններին, Վերաքննիչ դատարանի բակում իր գործով դատական նիստից առաջ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի կալանավայրում մահանալու մասին:

«Ակնհայտ է, որ Արսենի մահը այս իշխանությունների խղճին է: Անհամարժեք պատժամիջոցների` կալանքը որպես պատիժ կիրառելու պրակտիկան Հայաստանում բերում է մահերի: Դատելով իշխանությունների ռեակցիայից,  իշխանությունների պահվածքը չի փոխվելու, պետք է փոխել իշխանություններին»:

 Անդրադառնալով ընդդիմության միավորմանը, Աշոտյանն ասել է․ «Ինչ ունենք այս պահի դրությամբ՝ հուսադրող գործընթաց է, որից այս ռեժիմը նյարդայնանում է։ 

Դրա մասին է վկայում և՛ Սամվել Կարապետյանի կրկնակալանքը, և՛ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբինյանի պահվածքը, դրա մասին շատ բաներ են վկայում։ Այո՛, իշխանությունը գուցե ավելի շատ է վախենում այս գործընթացից, քան այս պահին տեսնում ենք:

Այս փուլում մենք գնահատում ենք փաստը և իմ կուսակցությունը, որի փոխնախագահն եմ, այդ գործընթացի մասնակից է: Փաստը շատ լավն է, պետք է գնահատել գործընթացը և հետո ակնկալել ու գնահատել արդյունքը»-նշել է նա։