Իսրայելցիներին մեկընդմիշտ կարգելվի մուտք գործել Մալդիվներ
Մալդիվները մտադիր են Իսրայելի անձնագրեր ունեցողների համար մուտքի արգելքը դարձնել մշտական և անվերապահ: Իսրայելի «12-րդ ալիք»-ի հաղորդմամբ՝ երկրի կառավարությունը առաջ է մղում ներգաղթի օրենսդրության մեջ փոփոխություններ, որոնք կպահպանեն սահմանափակումները՝ անկախ Գազայի հատվածում տիրող իրավիճակից և հնարավոր քաղաքական փոփոխություններից։
Մալդիվների նախագահ Մոհամեդ Մուիզզուն քաղաքականության խստացման մասին հայտարարել է նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսում:
«Ընթացիկ օրինագիծը սահմանում է անվերապահ մուտքի արգելք Իսրայելի անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձի համար՝ անկախ հանգամանքների որևէ փոփոխությունից», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Նախագահ Մուիզզուն ինքը բացատրել է որոշումը՝ մեջբերելով կառավարության դիրքորոշումը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ. «Մենք օրենքով հստակ և աներկբա սահմանել ենք, որ Իսրայելի անձնագիր ունեցող ոչ ոք չի կարողանա մուտք գործել Մալդիվներ»։

