Իրանը Արգենտինայի ռազմածnվային և ռազմաoդային ուժերը ճանաչել է աhաբեկչական կազմակերպություններ
Իրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Բուենոս Այրեսի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելուն: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա և ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու կապակցությամբ պատասխան միջոցառումների մասին օրենքին համապատասխան, Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը համարում է այդ օրենքի գործողության տակ ընկնող և դրանք հայտարարում է ահաբեկչական կազմակերպություններ»,- ասված է փաստաթղթում:
Ինչպես նշում է ԱԳՆ-ն, Արգենտինայի որոշումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, իսկ ԻՀՊԿ-ն Իրանի պաշտոնական զինված ուժերի հենասյուներից մեկն է: Հետևանքների պատասխանատվությունն ընկած է Արգենտինայի կառավարության վրա, ընդգծվում է հայտարարության մեջ:
Արգենտինան մարտի վերջին ԻՀՊԿ-ն ընդգրկել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ որոշումը հիմնավորելով 1992 և 1994 թվականներին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ահաբեկչություններով, որոնք, արգենտինական կողմի վարկածով, իրականացրել է «Հեզբոլլահը»՝ որպես տարածաշրջանում ԻՀՊԿ-ի օպերատիվ ստորաբաժանում: Դրանից հետո Բուենոս Այրեսը Իրանի ԱԳՆ հայտարարությունների պատճառով պերսոնա նոն գրատա էր հայտարարել Իրանի ժամանակավոր հավատարմատար Մոհսեն Թեհրանիին:
Նոյեմբերի 1-ին Իրանը նույնանման ձևով ահաբեկչական կազմակերպություններ էր հայտարարել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային և ռազմաօդային ուժերը:

