Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս

Կալանավայրում «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահը ցնցել է մարդկանց։ Հանրային և քաղաքական գործիչները շարունակում են արձագանքել ողբերգական դեպքին։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, Գոհար Մելոյանը գրում է․ 

«Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է խափանման ամենածանր միջոցը՝ կալանքը, ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակ դարձնելով, հիմնովին խախտելով թե՛ մարդու ազատության սահմանափակման իրավական տրամաբանությունը, թե՛ կալանքի իրավական նշանակությունը։

ԲԱՅՑ այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն անպօրինաբար սահմանափակվելով ՉԻ բավարարվում։

Մարդու պատիվն ու բարի համբավն արատավորող նոր քաղաքական մշակույթը։

Ընդդիմախոսների կալանքները զուգորդվում են այդ կալանքներն իրականացնելու համար խմբագրված ռեժիսորական աշխատանքների արդյունք հանդիսացող տեսանյութերով։ Այդ իրավապահ մարմինների, օպերատիվ տեսանյութերն էլ՝ իշխանական ֆեյքերի, արբանյակների, ինչու ոչ հենց բարձրաստիճան պաշտոնյաների համար քարոզչանյութ են դառնում։ 

Բայց ԻՆՉ քարոզչության․ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավն անխնա ոչնչացնող՝ հաշվի չառնելով իրենց կարգավիճակն ու իրավական արգելքները։ Դե պատկերացրեք, օրինակ՝ փոքր գյուղում, քաղաքում ապրող մարդն, ում միակ «մեղքը» եղել է հայրենասիրությունը, հետագայում ինչպես է ապրում։

Դե այս ամենը չեն հասկանա՝ պատիվ, արժանապատվություն, բարի համբավ, շրջապատ, ընկերներ, բարեկամներ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ։

Սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է։ Խղճում եմ ձեր սերունդներին, որովհետև նրանք են կրելու ձեր հետևանքները, թեկուզ ձեր կողմից աղճատված, խեղաթյուրված ու այլասեռված միջավայրում ապրելով, ինչի դեմ ենք մենք պայքարում։

Այս ամենի հետևանքով, ընդամենը մի քանի բառ ասելու հիմքով կալանավորվեց ու դատարանի դահլիճում, բոլորիս աչքի առաջ մահացավ լուսահոգի Արմեն Գրիգորյանը։ 

Իշխանությանը հաղթելուց հետո՝ սպանվեց լուսահոգի, սիրված մարդ Վոլոդյա Գրիգորյանը, ում սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։

Ու այսօր ապօրինի անազատության պայմաններում սրտի կաթվածից մահացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ՏԻՄ ընտրության թեկնածու Արսեն Գևորգյանը»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյան․ 

«Միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։ Այսպես է թղթի վրա, բայց իրական Հայաստանում այն դարձել է կեղեքման, մարդու արժանապատվության նվաստացման, քաղաքական ընդդիմադիրներին և այլախոհներին պատժելու, կյանքից զրկելու ռեպրեսիվ գործիք։

Ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների և ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող անձանց շարունակվող կալանավորումներն ակնհայտ քաղաքական բռնաճնշումներ են, վրեժխնդրություն և հալածանքներ, որոնք որևէ առնչություն չունեն արդարադատության, մարդու իրավունքների և հորջորջված ժողովրդավարության հետ։ 

Մարդն արժեք չէ և վերջ․ սա է իրականությունը։ Այսօր հերթական անգամ առերեսվեցինք ՀՀ քաղաքացու ամենակարևոր իրավունքների՝ կյանքի և ազատության իրավունքի զրկման հետ։ 

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ՝ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է»։