Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը

Կուբան լրջորեն է ընդունում կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության սպառնալիքը և կանոնավոր կերպով իրականացնում է բնակչության պատրաստությունը երկրի պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էրնեստո Սոբերոն Գուսմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Այդ պատճառով, օրինակ, Կուբայում յուրաքանչյուր ուրբաթ օրը նվիրում ենք պաշտպանությանը, որպեսզի ողջ ժողովրդին պատրաստենք մեր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, ներառյալ ռազմականը», – ասել է դիվանագետը։

Սոբերոն Գուսմանի խոսքով՝ Կուբայի ղեկավարությունը հաշվի է առնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որոնք թույլատրում էին կղզու դեմ ուժային գործողությունների հնարավորությունը։ Դիվանագետը նշել է, որ սպառնալիքները գնահատելիս Հավանան հաշվի է առնում նաև Վաշինգտոնի գործողությունները միջազգային ասպարեզում վերջին տարիներին։

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների հնարավորությունները ռազմական ոլորտում անհամադրելի են, փոխարենը Կուբան ստիպված է հենվել պետության պաշտպանության համար սեփական բնակչության պատրաստության վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ առճակատումը Հավանայի նպատակը չէ։