Ազգային ժողովում ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ԱԺ-ում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը ) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։ Վարույթից պարզ է դառնում, որ ԱԺ նախագհի պաշտոնն զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի անգործությանը գնահատական չի տրվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի սադրիչ ելույթից հետո ծեծկռտուք, քաշքշոց է սկսվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։

