ԱՄՆ-ն ստեղծում է նոր հատուկ խումբ՝ Իրանի ռազմական մատակարարման ուղիները արգելափակելու համար

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել է նոր նախաձեռնության՝ «Task Force Iron Gate» («Երկաթե դարպաս») աշխատանքային խմբի ձևավորման մասին։

Նոր ստորաբաժանման հայտարարված նպատակն է «Թեհրանի կողմից ցամաքային ճանապարհներով և Կասպից ծովով ժամանակակից սպառազինության, երկակի նշանակության ապրանքների, պատժամիջոցների տակ գտնվող նյութերի տեղափոխման, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի խափանումը»։

CENTCOM-ի հրամանատար, ադմիրալ Բրեդ Կուպերի խոսքով՝ այս խումբը կամրապնդի «Իրանի դեմ ծովային երկաթյա շրջափակումը»։ Ըստ նրա՝ մոտ 20 հոգուց բաղկացած թիմը տեղակայված է Ֆլորիդայի Թամպա քաղաքում գտնվող CENTCOM-ի գլխամասում և սերտորեն համագործակցելու է ԱՄՆ դաշնային այլ գերատեսչությունների հետ։ Կուպերը նշել է, որ ռազմական և քաղաքացիական մարմինների միջև սերտ համակարգումը կսահմանափակի զենքի գործարանները վերականգնելու և սեփական զինանոցը համալրելու Իրանի հնարավորությունները:

CENTCOM-ը չի հստակեցրել, թե ինչպես է գործնականում խափանելու ցամաքային և Կասպից ծովի փոխադրումները կամ արդյոք ուղղակիորեն համագործակցելու է Իրանին սահմանակից երկրների իշխանությունների հետ։