Տեսնես Հայաստանում քանի մարդ լսելով նաև Նիկոլի ոտքերը կոտրելու Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի սպառնալիքը, սրտին յուղ քսեց…
Ինչո՞ւ… Որովհետև, ի տարբերություն Իրանի, թուրքի լամուկ Նիկոլ հայադավը Հայաստանի և հայերիս պարագայում ոչ թե կարող է կարմիր գիծ խախտել, այլ արդեն իսկ այն խախտել է, ընդ որում, ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս:
Տեղի է ունեցել Իրան- Հայաստան դիվանագիտական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում աննախադեպ մի բան: Իրանի պետական բարձրաստիճան պաշտոնյան հրապարակայնորեն սպառնացել է Իրանի կարմիր գիծը հատելու դեպքում կոտրել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի ոտքերը: Մի երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից մյուս երկրի փաստացի ղեկավարին նմանաբնույթ սպառնալիքն աննախադեպ է ոչ միայն երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների, այլև, թերևս, երկու երկրների բազմահազարամյա կապերի, պատմության ընթացքում:
Ճիշտ է, իրանցի պաշտոնյան իր ուղերձում ուղղակիորեն չի նշել Նիկոլ հայադավի անունը, սակայն շատ պարզ ասել է՝ Թրամփի դաշնակիցների, և քանի որ խոսքը «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի մասին է, իսկ այդ նախագծի իրականացման շրջանակում ԱՄՆ-ի նախագահի դաշնակիցն այստեղ Նիկոլն է, Ադրբեջանում Ալիևը, ուղերձի համատեքստից լիովին հասկանալի է, որ իրանցի պաշտոնյայի սպառնալիքն ուղղված է նաև հենց Նիկոլին:
Իրանում Նիկոլին պահանջ է ներկայացվել «Թրամփի երթուղու» առնչությամբ: Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Թրամփի երթուղի» նախագծի իրականացման առնչությամբ կտրուկ հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հասցեին: Քաղաքական գործչի ուղերձը հրապարակվել է իրանական «Ettela’ at» թերթում։
Նյութը հրապարակվել է «Բացեիբաց և անկեղծորեն Հայաստանի պարոն վարչապետի հետ» խորագրի ներքո: Իրանը, ինչ անհրաժեշտ է համարել, առանց քաղաքական «խաղերի», ինչպես ասում են, ճակատին շիտակորեն ասել է:
Դրանում Վելայաթին արձագանքել է ԱՄՆ- ի հետ «Թրամփի երթուղու» համաձայնագիրը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշմանը (TRIPP-Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման): Իրականում այն իր խորքում ոչ թե հանուն, այլ ընդդեմ միջազգային խաղաղության է: TRIPP-ը նախատեսված է Հայաստանի տարածքով, որպեսզի բազմակողմ հաղորդակցություն ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Հայաստանից ժամանակին խլված Նախիջևանի միջև։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի խորհրդականը միանգամայն ճշմարտացիորեն հայտարարել է, որ Փաշինյանի քայլերը հակասում են հայ ժողովրդի շահերին։ Նրա կարծիքով, դրանք ուժեղացնում են երկրի կախվածությունն Արևմուտքից և լարվածության նոր փուլ են սկսում Հարավային Կովկասում։
Վելայաթին պատմել է, որ Իրանի դիրքորոշումն արդեն հասցրել է հայկական կողմին։ Դա տեղի է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարարի և Թեհրանում Հայաստանի դեսպանի պաշտոնները զբաղեցնողների հետ իր հանդիպումներում։ Նա ընդգծել է՝ Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա ԱՄՆ-ի մասնակցությամբ Զանգեզուրի միջանցքի ստեղծում։
«Ես միանգամայն աներկբա հայտարարել եմ Հայաստանի դեսպանին. եթե Թրամփը և իր դաշնակիցները փորձեն հատել մեր այդ կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»,- ասել է Վելայաթին:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին հաստատել է «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության ու բարգավաճման համար» (TRIPP) նախագծի շրջանակում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիրը: Որոշումն ընդունվել է լիագումար նիստի ընթացքում։ Քվեարկության արդյունքները. 63 պատգամավոր կողմ է քվեարկել փաստաթղթին, 32-ը դեմ է քվեարկել, ձեռնպահ չի եղել:
TRIPP նախագիծը սկիզբ է առնում եռակողմ հանդիպումից, որը տեղի է ունեցել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնղ Նիկոլ հայադավը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերոնշյալ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։ Դրանում ամրագրված են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին պայմանավորվածությունները։ Պայմանավորվածությունների հենց այս համալիրն էլ հիմք է հանդիսացել նախաձեռնության համար, որը ստացել է «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվանումը: Որ այն հակասում է Հայաստանի և հայերիս անվտանգությանը և շահերին, կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:
Արթուր Հովհաննիսյան

