2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»
«Հետքի» հաղորդմամբ՝ 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձևավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որևէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:
Վայոց Ձորում և Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:
«Սև լիճ» արգելավայր
2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սև լճի անմիջական հարևանությամբ:
Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:
Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում և գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարևմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) և լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաև ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սև լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:
հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սև լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:
Քարտեզ
Քարտեզում գույներով նշված են՝
Կարմիր – ՀՀ դիրքեր
Կապույտ – ԱՀ դիրքեր
Շագանակագույն – ՀՀ տիրապետության տակ գտնվող բարձունքներ
Մանուշակագույն – ԱՀ գրաված բարձունքներ
Դարչնագույն – «Սև լիճ» արգելավայր
Մոխրագույն – ՀՀ օկուպացված տարածք (ըստ Google Maps-ի չափումների)
Մանրամասների համար սեղմեք նշանների վրա։
Սև լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արևմուտք-արևելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր:
Ջերմային անոմալիաները/հրդեհները Ծիծեռնաքար-Իշխանասար-Սև լիճ ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի օրերին՝ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին, աղբյուրը՝ NASA FIRMS, մանրամասները՝ այստեղ
«Սև լիճ» արգելավայրը հիմնադրվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 17.10.1987 թ. որոշմամբ իբրև արգելոց: 2001-ին ՀՀ կառավարությունը որոշել է փոխել կարգավիճակը՝ այն դարձնելով արգելավայր: Արգելավայրի կանոնադրության համաձայն՝ այս ԲՀՊՏ-ի տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա, բայց իրականում, ինչպես նշեցինք, լճի հայելին 170 հա է) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա): 240 հա տարածքով արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է եղել Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը: Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն:
Արգելավայրի պահպանությունն, ըստ կանոնադրության, իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն 2020-ից հետո արգելավայրն ամբողջությամբ վերածվել է հակամարտ զորքերի շփման գոտու։
Մանրամասնները՝ սկզբնաղբյուր կայքում։

