Ֆիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունը
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել․
«Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Միր» հեռուստաընկերության թղթակիցը հարց է բարձրացրել սոցիալական ծախսերի փոխհատուցման և առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ։
Հաշվի առնելով բարձրացված հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և հնարավոր տարաբնույթ մեկնաբանությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հարկ է համարում ներկայացնել համապատասխան պարզաբանում։
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ առողջապահության և կրթության ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընդհանուր առավելագույն չափը տարեկան 100,000 դրամ է։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում 2026 թվականին 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացած անձանց ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 6,000 դրամը վճարվել է պետական բյուջեից։
Ինչպես օրենքի ընդունման ժամանակ նշվել էր, 2027 թվականից այդ 6,000 դրամն այլևս ուղղակիորեն չի վճարվելու պետական բյուջեից, և քաղաքացիներն այն պետք է վճարեն սեփական միջոցներից՝ հետագայում սոցիալական ծախսերով հետ ստանալու հնարավորությամբ։ Այդ նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել Կառավարության թիվ 1067-Ն որոշման մեջ։
Ըստ այդ փոփոխության՝ 2026 թվականի ընթացքում պետական բյուջեից վճարված ապահովագրավճարները ևս կհամարվեն առողջապահական սոցիալական ծախս, և քաղաքացիները, 2027 թվականին ներկայացնելով 2026 թվականի եկամուտների հայտարարագիրը, հնարավորություն կունենան ստանալու այդ գումարների փոխհատուցումը։
Ինչ վերաբերում է «Միր»-ի թղթակցի այն դիտարկմանը, որ մարդիկ կկարողանան կրթության ծախսերի փոխհատուցման համար ստանալ ընդամենը 28000 դրամ, ապա հարկ է նկատել, որ 2026 թվականի հաշվետու տարվա համար որպես սոցիալական ծախս սահմանվող 6,000 դրամ գումարները ֆիզիկական անձինք իրենց միջոցներից չեն վճարել (վճարվել է պետական բյուջեից), այսինքն՝ այդ բեռը ֆիզիկական անձինք չեն կրել։
Միաժամանակ, ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգն ավելի հասցեական դարձնելու նպատակով։
Մասնավորապես, քննարկվում է փոխհատուցման առավելագույն չափերը քաղաքացիների եկամուտների մակարդակով պայմանավորելու հնարավորությունը։ Նախատեսվում է, որ ցածր և միջին եկամուտներ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի մեծ չափով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու, քան բարձր եկամուտներ ունեցողները։
Այս փոփոխությունները նախատեսվում է կիրառել այն սոցիալական ծախսերի նկատմամբ, որոնք կատարվելու են 2027 թվականի հաշվետու տարվա ընթացքում, որի հայտարարագիրը ներկայացվելու է 2028 թվականի ընթացքում։
Թեմայի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստ է տրամադրել լրացուցիչ պարզաբանումներ»:

