Հանրապետականների պարտության պատճառը Իրանի դեմ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հանրապետական կուսակցության ընտրական անհաջողության գլխավոր պատճառ է համարել Իրանի դեմ պատերազմը՝ պնդելով, որ 2024 թվականին Դոնալդ Թրամփին աջակցած բազմաթիվ ընտրողներ 2026 թվականի ընտրություններում իրենց ձայնը տվել են դեմոկրատներին։ Այս մասին Վենսը գրել է X-ի իր էջում:
Վենսն իր հրապարակման մեջ նշել է, որ չնայած նախընտրական հարցումները կանխատեսում էին հանրապետականների համար ծանր պարտություն, կուսակցության ներքին տվյալները ցույց էին տալիս, որ իրենց ընտրազանգվածի մասնակցությունը բավական բարձր է եղել։ Նրա խոսքով՝ որոշ նահանգներում հանրապետական ընտրողների ակտիվությունը նույնիսկ գերազանցել է սպասումները, և կուսակցությունում հույս կար, որ ընտրողները կկարողանան ապահովել սպասված արդյունքը։
Ըստ Վենսի` տվյալների վերլուծությունը նաև մեկ այլ միտում էր բացահայտել․ Թրամփի և Վենսի՝ 2024 թվականի ընտրողների մի զգալի հատված դժգոհ էր վարչակազմի քաղաքականությունից և պատրաստվում էր քվեարկել դեմոկրատների օգտին։ Որպես օրինակ՝ փոխնախագահը նշել է Ֆլորիդան, որտեղ ընտրազանգվածը հանրապետականների օգտին էր 9 տոկոսային կետի առավելությամբ՝ ընդամենը մի քանի կետով զիջելով 2024 թվականի ցուցանիշին։ Վենսի գնահատմամբ՝ խնդիրը ոչ այնքան ընտրողների մասնակցությունն էր, որքան այն, որ նախկին հանրապետական ընտրողները փոխել էին իրենց քաղաքական նախապատվությունը։
Վենսը վկայակոչել է քաղաքական հարցախույզի անցկացրած հետազոտությունը, որի ընթացքում նախկինում Թրամփին աջակցած, սակայն հանրապետականներից հեռացած ընտրողներին հարցրել են, թե ինչի դեպքում կարող են վերադառնալ կուսակցության կողմը։
Հարցման համաձայն՝ պատասխանների գերակշիռ մասը կենտրոնացած է եղել չորս հիմնական պահանջի շուրջ.
1.Պատերազմի դադարեցում։
2.Կենսապահովման ծախսերի և գնաճի դեմ պայքարի առաջնահերթություն։
3.«Ամերիկան՝ առաջին տեղում» քաղաքականության վերադարձ։
4.ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների վերանայում։
Փոխնախագահի խոսքով՝ այս չորս հարցերն են հիմնականում բացատրում, թե ինչու են նախկին հանրապետական ընտրողները քվեարկել դեմոկրատների օգտին։ Նա նաև նշել է, որ հարցախույզներից մեկը կանխատեսել էր հանրապետականների 13 տոկոսային կետի պարտությունը ընդհանուր քվեարկության հաշվարկով։ Վենսը խոստովանել է, որ ինքն էլ ընտրություններից առաջ բացասական սպասումներ ուներ, սակայն վերջնական արդյունքը նույնիսկ իրեն է զարմացրել։
Փոխնախագահը կանխատեսել է, որ առաջիկա ամիսներին Հանրապետական կուսակցության ներսում պարտության պատճառների շուրջ բազմաթիվ վեճեր կլինեն։ Նա նաև զգուշացրել է, որ որոշ քաղաքական գործիչներ կարող են կուսակցության անհաջողությունը կապել ներգաղթի քաղաքականության հետ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պարտության իրական պատճառը, իր համոզմամբ, պատերազմն է։ Վենսի խոսքով՝ այդ մասին խոսել է նաև նախագահը։
Հրապարակման վերջում Վենսը, չնայած ընտրական արդյունքներին, լավատեսություն է հայտնել ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ՝ հանրապետականներին կոչ անելով իրենց դժգոհությունը վերածել քաղաքական ակտիվության և աջակցել այն թեկնածուներին, որոնք կիսում են իրենց գաղափարական մոտեցումները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել՝ վերահսկողություն ստանձնելով Կոնգրեսի և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։

