Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում՝ Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ։
Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին բարձր պարգևի, ինչպես նաև ռուս-հայկական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ու միջպետական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար։
Նա նշել է, որ պարգևը նաև համալսարանի իր գործընկերների աշխատանքի գնահատականն է։ Ավետիսյանի խոսքով՝ շուրջ 25 տարի համալսարանում տարբեր ոլորտների համար պատրաստում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք տիրապետում են ռուսերենին, հայերենին և այլ օտար լեզուների։
Պարգև Ավետիսյանը Հայ-ռուսական համալսարանն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների եզակի նախագիծ՝ ընդգծելով, որ այնտեղ համադրվում են ռուսական կրթության ավանդույթներն ու հայկական մանկավարժական միտքը։

