Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը

ՀՀ ՆԳ նախարարությունը դեռ չի որոշել, թե որքան կարժենան գեղեցիկ կամ «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Այդ մասին որոշում կունենանք 2027 թ. հունվար–փետրվարին. սկսենք պրոցեսը, մի քանի ամիս աշխատենք ու հետո կորոշենք գնային կոնկրետ քաղաքականությունը։ Նշեմ, որ դա քաղաքացու ցանկությունն է լինելու. եթե ուզում ես ունենալ կոնկրետ թվով անձնագիր, կարող ես հավելյալ գումարի դիմաց ստանալ, եթե ոչ, ապա որևէ հավելյալ վճարի մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց Սարգսյանը։

Իսկ շահույթը տնօրինելու մասին նախարարը նշեց, որ պետք է դեռ քննարկեն, թե ինչպես բաշխեն, այսինքն` նախատեսվում է, որ պետությունը որոշակի շահույթ ևս կունենա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն`կենսաչափական անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրել գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։

Հոկտեմբերի 31-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։