Հանրային մեղադրողը միջնորդեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մի խումբ այլ անձանց գործով հերթական դատական նիստը։ 

Դատական նիստի ընթացքում քննվում է մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։
«Ըստ մեղադրանքի կողմի գնահատման, դեռևս չեն վերացել կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու հիմքերը, մասնավորապես բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է չկատարել Քրեական դատավարության օրենսգրքում գրված պարտավորությունները՝ մասնավորապես խոչընդոտել քրեական վարույթին, միջամտել ապացուցման գործընթացին։

Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի նկատմամբ Քրեադատավարական օրենսգրքով դրված պարտականությունների կատարումը։ Նման պայմաններում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը իրավաչափ է կիրառված»,- ասաց Մարկոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ 

Գործարարն ինքը մեղադրանքը չի ընդունում։

Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է: