Ադրբեջանն արգելել է Իրանի 14 քաղաքացու մուտքն իր տարածք
Ադրբեջանն արգելել է Իրանի 14 քաղաքացու մուտքն իր տարածք՝ նրանց «անցանկալի անձինք» հայտարարելով։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ անձինք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոչեր են հնչեցրել Ադրբեջանի դեմ գործողությունների և թշնամանքի հրահրման վերաբերյալ։
Գործակալության տվյալներով՝ վերջին շրջանում նկատելիորեն հաճախակիացել են Իրանի քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի պետության, ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող կտրուկ մեղադրանքներն ու վիրավորական հայտարարությունները։ Քննադատության են ենթարկվել Ադրբեջանի ինքնիշխանությունը, անվտանգությունը, պետական-կրոնական հարաբերությունները և կառավարման համակարգը։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ որոշ ելույթներում հնչել են կրոնական արմատականության խրախուսման, կրոնական ատելության հրահրման և իշխանության բռնի տապալման կոչեր։
Մուտքի արգելք սահմանված անձանց թվում են քաղաքական և կրոնական գործիչներ, պատգամավորներ, փորձագետներ, լրատվամիջոցների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Ցանկում, մասնավորապես, ներառվել են «Քեյհան» թերթի գլխավոր խմբագիրը, Իրանի Իսլամական խորհրդատվական ժողովի անդամներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև քաղաքագետ և հեռուստահաղորդավար։
Ավելի վաղ Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հայտարարել էր, որ իրանական Sahar (Sahar Azəri) հեռուստաալիքը երկրի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, և այն ներառել էր սև ցուցակում։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հեռուստաալիքը Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անցկացված միջոցառման կադրերը ներկայացրել էր որպես Ադրբեջանում հիջաբ կրող կանանց աջակցության ակցիա։ Բաքվում հրապարակումը որակել էին որպես իրադարձության վայրի և բնույթի խեղաթյուրում ու լսարանին մոլորեցնելու փորձ։

