Էրդողանը նորից մամուլի ազատության թշնամիների ցանկում է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորից ընդգրկել է մամուլի ազատության թշնամիների 2026 թ. ցանկում՝ նրան մեղադրելով մամուլի ազատությունը և լրատվամիջոցների բազմակարծությունը սահմանափակելու մեջ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում 100-ավոր լրագրողներ ենթարկվել են դատական հետապնդումների, իսկ 2023 թվականին՝ նրա վերընտրվելուց հետո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։
Թուրքիայում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ավելի քան 250 լրագրողի դեմ իրավական գործընթաց է սկսվել։
Կազմակերպության տվյալներով՝ միայն 2026 թ. Թուրքիայում 8 լրագրող է ձերբակալվել։ Կազմակերպությունը նշում է, որ թուրքական իշխանությունները լրագրողների դեմ հաճախ օգտագործում են նաև «ապատեղեկատվության տարածելու» և «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» մեղադրանքները։
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը դատաիրավական համակարգն օգտագործում է որպես ճնշման գործիք՝ սահմանափակելով անկախ լրագրությունն ու լրատվամիջոցների բազմակարծությունը։

