Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամները ընդունել են Չեխիայի դեսպանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում, իր կարծիքով, առկա որոշ բացթողումների ու խնդիրների, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը