Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը նոյեմբերի 2-ի առավոտյան ժամանել է թագավորական պալատ՝ Ֆիլիպ թագավորին ներկայացնելու կառավարության հրաժարականը։ Euronews-ի տեղեկացմամբ, որոշումը հաջորդել է բյուջեի շուրջ գիշերը շարունակված բանակցությունների ձախողմանը։
Դե Վևերը շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո լքել է թագավորական պալատը՝ առանց լրագրողների հետ զրուցելու։
Հանդիպումից հետո պալատից հայտարարել են, որ Ֆիլիպ թագավորը «մտորում է իր որոշման շուրջ» և նոյեմբերի 3-ից խորհրդակցություններ կսկսի կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ։
Թագավորը նաև ափսոսանք է հայտնել, որ համաձայնության հասնել չի հաջողվել՝ ընդգծելով, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ երկարատև քաղաքական ճգնաժամ։ Նա կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին «առաջնահերթություն տալ ընդհանուր շահին և փոխզիջման պատրաստակամությանը»։
Դե Վևերը թագավորի հետ հաջորդ հանդիպումը կունենա նոյեմբերի 7-ին։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն բանակցությունների ձախողման պատճառը համարել է կողմերի միջև առկա բազմաթիվ տարաձայնությունները։ «Եթե փորձեմ թվարկել բոլոր վիճահարույց հարցերը, դա անվերջ կտևի», – ասել է նա բելգիական լրատվամիջոցներին։
Բելգիայի կառավարությունը պետք է 10 միլիարդ եվրոյի խնայողություն ապահովի՝ Եվրամիության ծախսային սահմանափակումները պահպանելու համար։
Անցած տարի երկրի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5 տոկոսը, մինչդեռ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույն ցուցանիշը 3 տոկոս է։ Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն՝ կազմելով երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110 տոկոսը, մինչդեռ սահմանված շեմը 60 տոկոս է։
Բանակցությունների ձախողումից հետո բարձրացել են պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, ինչի հետևանքով Բելգիան ստիպված է ավելի մեծ ծախսեր կատարել։
Եթե թագավորն ընդունի Դե Վևերի կառավարության հրաժարականը, երկրում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։

