ԱՄՆ-ի նախագահը հրաժարվել է անցած հանգստյան օրերին Իրանին հարվածելու մտքից, բայց չի բացառել ռազմական ուժի հետագա կիրառումը (տեսանյութ)
Թրամփը «թող մի ռումբ նետի ու տեսնի, թե քանի մարդու է ստիպված լինելու հորիզոնական դիրքով հավաքել ու հեռանալ». Իրանի պաշտպանության նախարար
Անցած հանգստյան օրերին Իրանը, տարածաշրջանը (և ոչ միայն…) լարված սպասման մեջ էին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացած պահի կարող էր Ամերիկյան Բանակին Իրանի վրա հարձակման հրաման տալ:
Իրադարձություններին հետևող Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Իրավիճակն Իրանի շուրջ կտրուկ սրվում է…
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրաքը.. Նույնիսկ ներիրանական չվերթներն են դադարեցվել…»:
Թրամփն օրերս հնարավոր է համարել Իրանի դեմ նոր ռազմական գործողության իրականացումը, այս տարվա փետրվարին 28-ին սկսված «Էպիկական կատաղություն» գործողության կրկնությունը: Ինչպես, RBC-ի փոխանցմամբ, հաղորդել է «Reuters»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Ֆլորիդայում միջանկյալ ընտրությունների նախաշեմին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ:
«Հնարավոր է, որ մենք իրականացնենք ևս մեկ փոքր «էպիկական կատաղություն»,- ասել է Թրամփն առանց մանրամասնելու:
ԱՄՆ-ի նախագահը, պատասխանելով հարցին, միանգամայն հնարավոր էր համարել Իրանին հարվածները հոկտեմբերի 24-ին և 25-ին, սակայն կիրակի հայտարարել է , որ ԱՄՆ-ն այսօր չի հարվածի Իրանին: Այնուհանդերձ, Թրամփը չի բացառում ռազմական ուժի հետագա կիրառումը Թեհրանի դեմ:
Սեպտեմբերին Իրանն առաջարկել էր 7 օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը: Դոնալդ Թրամփն իր հերթին մերժել էր Թեհրանի առաջարկը՝ այն անընդունելի համարելով: Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը կվերաբերի ոչ միայն Հորմուզի նեղուցի բացմանը, այլև Իրանի միջուկային ծրագրին:
Քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է CBS հեռուստաընկերության հայտնած այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգները Իրանի Իսլամական Հանրապետությանը ստիպելու համար, որ հանձնվի, պլանավորում է Թեհրանը ռմբակոծել 3-4 հատ «Բոլոր ռումբերի մայր» կոչվող GBU-43/B գերծանր ռումբերով։ Այնուհետև ներկայացրել է քաղաքում GBU-43/B ռմբի ոչնչացման շառավիղը. 500 մետրի սահմաններում ամեն ինչ ոչնչացված է, 500-ից մինչև 1500 մետր՝ լուրջ ավերածություն, 1500-ից մինչև 3000 մետր՝ լուրջ վնաս, 3000-ից մինչև 5000 մետր՝ վնաս, 5000-ից մինչև 8000 մետր՝ թեթև վնաս:
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հարվածներին, իսկ երբ կարող է սկսվել նոր գործողությունը: Ինչպես, «Новости Mai»-ի փոխանցմամբ, հաղորդել է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից հարվածների նոր շարքի, որոնք, ենթադրաբար, կարող են համընկնել Կոնգրեսի ընտրությունների ժամանակաշրջանի հետ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը չէր բացառել Իսլամական Հանրապետության դեմ հերթական գործողության անցկացումը: Հայտնի է դարձել, որ Վաշինգտոնն աստիճանաբար դուրս է բերում զինվորականներին և դիվանագետներին Մերձավոր Արևելքի երկրների տարածքներից, ինչպես վարվել է Թեհրանի նկատմամբ փետրվարյան հարձակումից առաջ:
Գործակալության նյութում նշված է, որ Իրանն իբրև պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունների միջանկյալ ընտրությունների ժամանակ, և նախատեսում է պատասխան գործողություններ, այդ թվում՝ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ: Աղբյուրի տվյալներով՝ ամենալարվածն ԱՄՆ-ի Կոնգրեսի նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների և հունվարին Կոնգրեսի նոր կազմի աշխատանքի միջև ընկած ժամանակահատվածն է։
ԱՄՆ-ի նախագահը, ТАСС-ի տեղեկացմամբ, հնարավոր է համարել, որ որոշում կկայացնի Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը գործարք չկնքեն: Ֆլորիդայի նահանգում պատասխանելով Իսլամական Հանրապետությանը հարվածները վերսկսելու հնարավորության կապակցությամբ լրագրողի հարցին, Թրամփն ասել է.
«Հավանականություն կա, որ ես դա կանեմ,- ասել է ԱՄՆ-ի նախագահը և հավելել. կա նաև հավանականություն, որ մենք լավ, խոշոր համաձայնագիր կունենանք»:
Եվս մեկ մեջբերում Թրամփի խոսքից. «Ես կարող եմ ավարտել գործը: Կամ գուցե նրանք գործարք կնքեն: Ես հաստատ չգիտեմ։ Ամեն դեպքում մենք կհաղթենք»։
Վերջին օրերին ԱՄՆ-ը, REN News-ի տեղեկացմամբ, ինքնաթիռներ է տեղափոխել Մերձավոր Արևելքի ռազմաբազաների միջև, ինչից էլ հնարավոր է համարվում ռազմական գործողության նախապատրաստումը:
Ի պատասխան մեկը մյուսին հաջորդող ամերիկյան սպառնալիքների, Իրանը հանդես է եկել փոխադարձ սպառնալիքներով: Վազգեն Պետրոսյանը ներկայացրել է այս մասին «Ռոյթերս»-ի և Իսրայելի 14-րդ ալիքի հրապարակումները.
«Ռոյթերս. Իրանը սպառնացել է՝ Հորմուզի նեղուցի ջրերի տակով անցնող տվյալներ տեղափոխող յոթ հիմնական ինտերնետային մալուխները ոչնչացնել։ Եթե դրանք կտրվեն, Պարսից ծոցի բանկային, հեռախոսային և վճարային ծառայությունները և բիզնեսները երկար ժամանակով կխափանվեն։
Իսրայելի 14-րդ ալիք. Իրանը սպառնացել է ոչնչացնել Իսրայելի Դիմոնայի միջուկային կայանը, եթե պատերազմ սկսվի, և Իսրայելն այժմ գտնվում է հանկարծակի արտակարգ անվտանգության տագնապի մեջ»։
Ս. թ. հոկտեմբերի 18-ին Իրանի խորհրդարանի հավանությունը ստանալուց անմիջապես հետո նախագահի հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար նշանակված Մեհրդադ Ախլաղի Քեթաբչին, «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր ու ղեկավար Փույա Հոսսեինիի (Պույա Հոսեյնիի) տեղեկացմամբ, հայտարարել է. «Թրամփը պետք է մտածի իր մարդկանց տարածաշրջանից ողջ-առողջ դուրս բերելու մասին. թող մի ռումբ նետի ու տեսնի, թե քանի մարդու է ստիպված լինելու հորիզոնական դիրքով հավաքել ու հեռանալ»։
«Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային «Դրոփսայթ» լրատվամիջոցին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ պատերազմի վերսկսման դեպքում Իրանը, ավելի լայնածավալ ծրագրով և նոր հնարավորությունների կիրառմամբ, թիրախավորելու է տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվները, այդ թվում՝ մալուխները, տվյալների կենտրոններն ու արհեստական բանականության ենթակառուցվածքները,- հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պույա Հոսեյնին:- Նա հայտնել է, որ միջնորդների միջոցով ԱՄՆ-ին փոխանցվել է Իրանի յոթ նոր պայման։
Ռեզային ընդգծել է. «Մինչև այս պայմանների կատարումը Իրանը ո՛չ կբացի նեղուցը, ո՛չ էլ կվերադառնա բանակցությունների»»։
Ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե Թրամփն ինչու հրաժարվեց անցած շաբաթ կամ կիրակի Իրանին հրթիռառմբային հարված հասցնելու մտքից, բայց այդ մասին հաջորդիվ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութը՝ այստեղ

