Թրամփը քննարկում է Ռուսաստանի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է The New York Times-ը։

Ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքով՝ ռուսական կողմը պնդել է այդ քայլին դիմել՝ ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։

Պարբերականի փոխանցմամբ՝ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը դիտարկվում է «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բարելավելու և պատերազմին վերջ դնելուն նպաստելու» նպատակով։ Թերթի զրուցակիցը հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին անվանել է ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում «օգտակար միջնորդ»։

Դմիտրիևը, որը նաև Ռուսաստանի նախագահի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչն է, բազմիցս մասնակցել է ամերիկյան կողմի հետ բանակցություններին։

Ռուսաստանցի անանուն պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը առանցքային դեր է խաղում դիզելային վառելիքի մատակարարման գործարքի իրականացման գործում։ Հոկտեմբերի կեսերին Կիրիլ Դմիտրիևը հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դիմել է հիմնադրամին՝ վճարումների իրականացման և գործարքի հետ կապված «մարտավարական հարցերի» լուծման հարցում աջակցություն ստանալու համար։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել հոկտեմբերի սկզբին։

Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը և Կիրիլ Դմիտրիևը հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ 2022 թվականի փետրվարին՝ Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պնդմամբ՝ հիմնադրամի միջոցով Ռուսաստանն օգտվում էր ամերիկյան ֆինանսական համակարգին հասանելիությունից։