Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակում և չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ունենալ և, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքին և պարտավորություններին համապատասխան»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Երկրի նախագահը նշել է, որ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն իրականացնելու իր իրավունքը և ակնկալում է, որ այդ իրավունքը կհարգվի։
Նրա խոսքով՝ հակասական և ոչ կառուցողական է այն մոտեցումը, երբ միջուկային հարցն օգտագործվում է որպես ճնշումների, սպառնալիքների և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրվակ, իսկ բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են Իրանի վրա հարձակումներով։
Փեզեշքիանի խոսքով՝ նման քաղաքականությունը խաթարել է վստահությունը և խորացրել անվստահությունը իրանական հասարակության ու պաշտոնատար անձանց շրջանում։
Թեհրանում կայացած հանդիպմանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Այս երկրները կազմում են Մեքքայի դաշինքը։

