Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստում պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդեց, որպեսզի նիստերին մասնակցելուց իր պաշտպանյալն ազատվի՝ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումը, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը կարող է դատարանի թույլտվությամբ հետագա դատական նիստերին չմասնակցել։
«Բնականաբար, երբ գա իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը, կմասնակցի նիստերին»,- ասաց պաշտպանը։
Արշակ Սրբազանը նշեց, որ միանում է այդ միջնորդությանը։
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, թույլ տվեց մեղադրյալին չմասնակցել նիստերին մինչև հարցաքննության պահը։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապարկի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով Սրբազանը 3 ամիս կալանավորված է եղել։

