ԱՄՆ-ն պատրաստ է Իրանին մասշտաբային հարվածներ հասցնել. CNN

Մերձավոր Արևելքում ամերիկյան զինվորականները կարող են Իրանի դեմ նոր, պոտենցիալ մասշտաբային գործողություններ սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո 96 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ տարածաշրջանում արդեն իսկ բավարար ուժեր են տեղակայված նման հարձակումներ իրականացնելու համար: Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, գործողությունները կարող են դուրս գալ ռադարներին, արձակման կայանքներին և արագ վերականգնման ենթակա իրանական այլ օբյեկտներին հասցվող սահմանափակ հարվածների շրջանակներից, որոնք հասցվում են այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ն ավելի վաղ՝ 2026 թվականին, դադարեցրեց լայնամասշտաբ մարտական գործողությունները:

Նրանք ընդգծել են, որ հարցը նրանում չէ, թե արդյոք հրաման կտրվի, այլ նրանում, թե հատկապես երբ դա տեղի կունենա: Պաշտոնյաները ենթադրում են, որ դա կարող է պատահել մինչև տարեվերջ, բայց, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, թեև վերջնական որոշում Թրամփը չի կայացրել:

CNN-ը նշում է, որ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) և Պենտագոնն արդեն կազմել են թիրախների լայն ցանկ, որի մեջ մտնում են իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական և միջուկային օբյեկտները: Ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ հարվածի դեպքում Իրանը և եմենյան «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները, հավանաբար, անմիջապես կպատասխանեն ամերիկացի զինվորականների և օբյեկտների վրա հարձակումներով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: