Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր կուսակցության» (Yeni Parti) կանանց թևի նախագահ Ասու Քայան բարձրաձայնել է բանտերում պահվող 12-18 տարեկան 266 աղջկա իրավունքների հարցը։ Քրեակատարողական համակարգի քաղաքացիական հասարակության միավորման (CİSST)՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանցից 185-ը կալանավոր է, իսկ 81-ը՝ դատապարտյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Քայան արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքից պահանջել է տեղեկություններ տրամադրել աղջիկների պահման պայմանների, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության, ընտանիքների հետ տեսակցությունների, ինչպես նաև բռնության և խտրական վերաբերմունքի հնարավոր դեպքերի մասին։ Նա նաև հետաքրքրվել է, թե քանի աղջիկ է կալանքի տակ 6 ամսից ավելի, 1 կամ 2 տարուց ավելի, և արդյոք դիտարկվել են կալանքի այլընտրանքային միջոցներ։
Պատգամավորն ընդգծել է նաև, որ փակ ռեժիմի բանտերում աղջիկներն ապրում են կանանց բանտերի մանկական բաժանմունքներում, իսկ հատուկ իրենց համար գործող դաստիարակչական հաստատությունը միայն մեկն է։ Քայան պահանջել է բացատրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեխաների իրավունքները պաշտպանելու և ազատ արձակվելուց հետո նրանց աջակցելու համար։

