Թուրքիան ավարտել է Անիի պատմական կամրջի վերականգնման մրցույթը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ ավարտվել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացը։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Ուրալօղլուն նշել է, որ կամրջի սկզբնական կառուցվածքն ունեցել է 80 մետր երկարություն և 8 մետր լայնություն։ Այն գտնվում է Ախուրյան գետի հունի ամենանեղ հատվածում, որտեղ գետի լայնությունը նվազում է մինչև 36 մետր։ Նա հիշեցրել է, որ կամրջի 31 մետր բացվածքով շրջանաձև կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նախարարը նաև ընդգծել է, որ գործելու տարիներին կամուրջը Մետաքսի ճանապարհի կարևոր անցման կետերից մեկն է եղել։

Ուրալօղլուն հայտնել է, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը կից ավտոմոբիլային ճանապարհների գլխավոր վարչությունը սեպտեմբերի 16-ին անցկացրել է պատմական կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։

«Սեպտեմբերի 28-ին ստորագրելով պայմանագիրը՝ մենք ավարտել ենք Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացը։ Պատմական կամրջի վերակառուցմամբ նպատակ ունենք պահպանել Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային ժառանգություններից մեկը և այն փոխանցել ապագա սերունդներին», -նշել է Ուրալօղլուն։