Կյանքից հեռացել է նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, մուլտիպլիկատոր, դերասան, «Ոզնի» երգիծական ամսագրի գլխավոր նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Իրինա Աբրոյանը։

Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում»։ Ծաղրանկարչի աշխատանքները տեղ են գտել նաև Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»։ Երկար տարիներ աշխատակցել է «Ոզնի երգիծաթերթին»։ Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում։

Վլադիմիր Աբրոյանի աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև՝ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, այդ թվում՝ «Կրոկոդիլը», «Նեդելյան», «Օգոնյոկը», «Սմենան», «Սովետսկի սոյուզը», «Moscow News»-ը, «Լիտերատուրնայա գազետան», «Սովետսկի սպորտը», «Ֆուտբոլը», նաև ԳԴՀ-ի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերը։