Թաներ Աքչամ․ թուրք պատմաբան, որ համարձակվեց խոսել Հայոց ցեղասպանության մասին

Թուրք պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամը ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 23-ին։ Նա այն թուրք սակավաթիվ մտավորականներից է, որի կենսագրությունը սերտորեն առնչվում է ցեղասպանագիտությանը։ Նա հրապարակայնորեն ընդունել և գիտականորեն ուսումնասիրել է Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը, մի թեմա, որի քննարկումն իսկ Թուրքիայում մշտապես հետապնդվել է, ուղեկցվել է պաշտոնական ժխտմամբ և հասարակական սուր հակազդեցությամբ։

Քաղաքական հետապնդումներից գիտական գործունեություն

Աքչամի երիտասարդությունը համընկել է Թուրքիայի քաղաքական լարված ժամանակաշրջանի հետ։ 1976 թվականին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մեկ տարի անց նա փախել է բանտից և ապաստան ստացել Գերմանիայում։ Amnesty International-ը նրան ճանաչել էր խղճի բանտարկյալ։

Գերմանիայում Աքչամը շարունակել է իր կրթությունն ու հետազոտական աշխատանքը՝ աստիճանաբար կենտրոնանալով Օսմանյան կայսրության վերջին տարիների, թուրքական ազգայնականության, պետական բռնությունների և Հայոց ցեղասպանության պատմության վրա։ 1996 թվականին նա ստացել է դոկտորի գիտական աստիճան Հանովերի համալսարանում՝ պաշտպանելով ատենախոսություն՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության և 1919–1922 թվականների Ստամբուլի ռազմական դատարանների թեմայով։ 

Փաստաթղթերը պատմության վերականգնման ճանապարհին

Թաներ Աքչամի գիտական աշխատանքի կարևոր առանձնահատկություններից մեկը օսմանյան արխիվային նյութերի և պատմական փաստաթղթերի ուսումնասիրությունն է։ Նա փորձել է ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության պատմությունը հնարավոր չէ հասկանալ միայն քաղաքական հայտարարությունների կամ հետագա մեկնաբանությունների միջոցով․ անհրաժեշտ է ուսումնասիրել նաև պետական փաստաթղթերը, պաշտոնական հաղորդագրությունները, հրամանները և ժամանակակիցների վկայությունները։

Նրա նշանակալի աշխատություններից է «Սպանության հրամաններ․ Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որտեղ ուսումնասիրում է Թալեաթ փաշայի անվան հետ կապված հեռագրերը և դրանց պատմական նշանակությունը։ Աքչամն իր հետազոտություններում կարևորում է նաև Օսմանյան կայսրության ղեկավարության պատասխանատվության հարցը։ 

Թուրք պատմաբանը բացահայտել է, որ Թալեաթի հեռագրերում եղել են սպանելու հրամաններ: Թալեաթի հեռագրերը Թաներ Աքչամին հասել են Ցեղասպանությունից փրկված Արամ Անտոնյանի միջոցով, որոնք նա ձեռք էր բերել հարբեցող և խաղամոլ մի թուրք պաշտոնյայի՝ Նայիմ բեյին կաշառելով: Հեռագրերի մի մասն Անտոնյանն ինքն է հրապարակել: Բայց նրա գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրվեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան․ Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:
Աքչամը նաև մասնակցել է հայերի բռնի իսլամացման, ունեցվածքի բռնագրավման և ցեղասպանության հետևանքների վերաբերյալ գիտական քննարկումներին՝ ուսումնասիրելով, թե ինչպես են բռնությունն ու ժխտումը շարունակել ազդել պատմական հիշողության վրա։

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ գիտական և հասարակական մարտահրավեր

Աքչամի գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ նա թուրքական ծագում ունեցող գիտնական է, որը հրապարակայնորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը և իր գիտական աշխատանքը նվիրել դրա փաստաթղթավորմանը։

Նրա ուսումնասիրությունները նպաստել են թուրքական հասարակության ներսում պատմական պատասխանատվության, հիշողության և անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտության քննարկմանը։ Աքչամը բազմիցս անդրադարձել է այն դժվարություններին, որոնց բախվում են Թուրքիայում այս թեման ուսումնասիրող գիտնականներն ու մտավորականները։

Նրա գործունեությունը ցույց է տալիս, որ պատմության ուսումնասիրությունը չի սահմանափակվում ազգային սահմաններով։ Պատմական իրադարձությունների քննությունը պահանջում է փաստերի համադրում, սկզբնաղբյուրների վերլուծություն և պատրաստակամություն՝ վերանայելու հասարակության մեջ ամրապնդված պատկերացումները։ 

Գիտական ժառանգությունն ու շարունակվող աշխատանքը

Աքչամը երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ի Քլարկի համալսարանում՝ Հոլոքոստի և ցեղասպանագիտության հետազոտական կենտրոնում։ 2022 թվականին նա նշանակվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise հայկական ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր տնօրեն։ Նրա աշխատանքը շարունակում է նպաստել ցեղասպանագիտության զարգացմանն ու նոր հետազոտողների պատրաստմանը։