Հունաստանում ուսանողական ցույցերին միացել են ուսուցիչներն ու հանրային հատվածի աշխատակիցները

Եվրոպական մի շարք երկրներում մեկնարկած բողոքի ակցիաները հասել են Բալկանյան թերակղզի. Հունաստանի տարբեր քաղաքներում հազարավոր ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելացնել կրթության ֆինանսավորումը, բարելավել շենքային պայմաններն ու կրճատել դասարաններում աշակերտների թիվը։

Հունաստանի ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի օրը Աթենքի կենտրոնում և արվարձաններում խաղաղ ցույցի է դուրս եկել շուրջ 10,000 դպրոցական և ուսանող:
 
«Մենք պահանջում ենք հանրային, անվճար կրթություն»,- վանկարկում էին Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները, որտեղ ուսանողները մինչ երթը գիշերային նստացույց էին իրականացրել:
 
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Սալոնիկում, Պատրասում, Լարիսայում և այլ քաղաքներում՝ ի համերաշխություն Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում ծավալվող ցույցերի, որտեղ կրթական ռեսուրսների պահանջով սկսված ակցիաները վերածվել են կյանքի կտրուկ թանկացման դեմ ուղղված զանգվածային ըմբոստության:
 
«Այստեղ գոյատևելն անհնարին է դարձել․ վարձերը շատ բարձր են, տները՝ փոքր։ Մեր ծնողները չեն կարողանում հասցնել վճարել մեր վարձի, էլեկտրաէներգիայի և ապրուստի համար»,- «Reuters»-ին ասել է Աթենքում ցույցին մասնակցող 21-ամյա ուսանողուհի Ջորջիա Ֆուկիդուն: