Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: 

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի (Իտալիա) հոգևորականներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին՝ գոհունակությամբ խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների պատմական առնչակցությունների մասին։

Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հանդեպ Նեապոլում դրսևորվող առանձնահատուկ ակնածանքին և սրբի մասունքների պահպանությանը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հիշատակեց 2000 թվականին Ս․ Հովհաննես Պողոս Բ պապի կողմից Հայոց Եկեղեցուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի ընծայումը, ինչպես նաև սրբի մասունքների վերազետեղման առիթով 2015 թվականին Նեապոլ կատարած իր այցը։

Զրույցի ընթացքում կարևորվեցին հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը՝ ի նպաստ եղբայրական կապերի ամրապնդման և երկու Եկեղեցիների առաքելության առավել արդյունավորման։

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, նշեցին, որ Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն է իրենց առաջնորդել Հայաստան, և կիսվեցին սրբավայրեր այցելություններից ստացած իրենց տպավորություններով։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը, հոգևորականների պատրաստությանը, Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, խորհուրդներին ու ծիսական կյանքին։

Վերջում Վեհափառ Հայրապետը հոգևորականներին մաղթեց Տիրոջ զորակցությունը նրանց հոգևոր ծառայության մեջ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ