Կաթողիկոսի դեմ Արման Սարոյանի գործը կարճվել է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Արման Սարոյանն (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ ՀԱՍԵ քաղաքացիական գործի վարույթը՝ արձանագրելով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանն ընդգծել է, որ Սարոյանի և ՀԱՍԵ միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։
Հիշեցնենք, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում էր ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Մասնագիտական հանրությունը տարակուսած էր որոշմամբ, ընդգծում են, որ հայցն ընդհանրապես ենթակա չէ քննության, դատարանի որոշումը միջամտություն է՝ ՀԱՍԵ գործերին,ավելին, փաստաբանները չէին բացառել, որ առաջիկայում կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացվի՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ։
Կարճելու որոշմամբ՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է նաեւ 16.01.2026 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը։
Դատարանում Սարոյանը նշել է, թե ինչպես հոգևոր ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում, այնպես էլ՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդ լինելու շրջանում, իր կողմից հոգևոր ծառայությունը տարվել է, ինչպես նաև թեմակալ առաջնորդի իրավասություններն ու պարտականությունները կատարվել են պատշաճ եղանակով՝ կիրառելի բոլոր կարգավորումներին համապատասխան, երբեք որևէ պատրվակ կամ առիթ չի արձանագրվել, որ կարող էր վկայել սահմանված կանոնների խախտման կամ թեմի առջև ծառացած խնդիրների ոչ արդյունավետ լուծման մասին։ Ըստ նրա՝ իրեն ազատել էին՝ առանց որևէ նախազգուշացման, հիմնավորման կամ իրեն վերագրվող արարքներն ուսումնասիրելու պատշաճ ընթացակարգերի։ Հայցվորը նշել է, թե թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու իրավունքը չի կարող անսահմանափակ կամ կամայական լինել, որոշումը պետք է հիմնված լինի կոնկրետ և ապացուցելի փաստերի վրա։ Ըստ նրա՝ իր ազատման համար հիմնավոր պատճառ չի եղել, իսկ որոշումն ընդունվել է առանց անհրաժեշտ ուսումնասիրությունների։ Մայր Աթոռի ներկայացուցիչները, սակայն, պնդել են, որ գործը ենթակա է կարճման։ Մասնավորապես, ընդգծվել է, որ թեմի առաջնորդ նշանակելը, պաշտոնից ազատելը և հոգևոր աստիճանից զրկելը եկեղեցու ներքին կառավարման հարցեր են, որոնց նկատմամբ պետությունը, այդ թվում՝ դատարանը, չպետք է վերահսկողություն իրականացնի, դրա մասին է խոսում այն փաստը, որ Կաթողիկոսը պաշտոնից ազատել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, բայց հայցը ներկայացրել է Արման Սարոյանը։ ՀԱՍԵ ներկայացուցիչները նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներին՝ պնդելով, որ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը ներառում է հոգևորականների ձեռնադրումը, կարգալույծ հայտարարելը, հոգևոր պաշտոններում նշանակելն ու պաշտոններից ազատելը։ Այդ հարցերը Եկեղեցու ներքին տիրույթում են, որին միջամտելու իրավունք պետությունը չունի։
Կաթողիկոսի 2026թ.-ի հունվարի 10-ի կարգադրությունը, ինչպես ընդգծել է ՀԱՍԵ-ն, իրավական ակտ չէ, որի օրինականությունը կարող է գնահատել աշխարհիկ դատարանը։ Եկեղեցին նաև պնդել է, որ հայցը վարույթ ընդունելով և հայցի ապահովման միջոց կիրառելով՝ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին։ Բացի այդ, պատասխանողի դիտարկմամբ, հայցվորը չի նշել որևէ իրավական նորմ, որը խախտվել է նրան հոգևոր ծառայությունից ազատելիս։
Եկեղեցին նաև դիրքորոշում է ներկայացրել, որ եթե դատարանը իրավասու համարի քննելու գործը, հայցը պետք է մերժվի՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

