Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները։ Այս մասին նա ասել է իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բացվի նավերի համար», – ասել է դիվանագետը։
Արաղչին նշել է, որ մինչև Իրանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության ձեռքբերումը «նեղուցը, բնականաբար, փակ կմնա»։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կատարի հունիսին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը։
Ցանկացած կողմի բարձրացրած հարցը կարող է քննարկվել բանակցությունների եզրափակիչ փուլում, հավելել է նախարարը:
Արաղչին նաև մերժել է ամերիկյան տնտեսական պատժամիջոցներն ու ռազմական սպառնալիքները։
«Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են»,– նշել է նա։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել են հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման վերացում՝ Թեհրանի կողմից կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի բացման դիմաց։ Սակայն ավելի ուշ կողմերը դադարել են կատարել հուշագրի պայմանները և վերսկսել ռազմական գործողությունները։ Ներկայում փոխադարձ հարվածները դադարել են, բանակցությունները նույնպես փակուղում են։

