Պուտին-Զելենսկի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար. Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ պատերազմի կարգավորման համար՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ նրանք կարող են խաղաղության համաձայնագիրը ստորագրել այլ կերպ։ Նրանց համար դժվար է լինել նույն սենյակում։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես է դա արվելու»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նորից հայտարարել է Պուտինի և Զելենսկու միջև «ահռելի» ատելության մասին։
Ավելին՝ ԱՄՆ նախագահը կրկնել է իր խոսքերը, որ Ուկրաինան պետք է համաձայնի պատերազմը դադարեցնելու իրեն առաջարկվող պայմաններին։ «Զելենսկին պետք է պատրաստ լինի գործարք կնքելու, քանի որ կարծում եմ, նրա ժողովուրդը դա այլևս չի հանդուրժի»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զգալի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային։ «Փոխարենը՝ մենք բացարձակապես ոչինչ չենք ստացել, բացի վշտից, մահից և հսկայական ֆինանսական կորուստներից»,- հավելել է Թրամփը՝ նշելով, որ ամերիկացի հարկատուները հոգնել են դրանից։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ֆինանսական աջակցությունից հոգնել են նաև Եվրամիության երկրները:

