Զելենսկուն հանդիպելուց հետո Ուիթքոֆը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Չորեքշաբթի առավոտյան Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը դիմավորել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից ավտոշարասյունը շարժվել է Կոնստանտինյան պալատ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա պալատում` առավոտյան։
Երեքշաբթի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահի հետ` Օսլոյում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Թրամփի մեկ այլ հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները միացել է գագաթնաժողովին տեսակապի միջոցով՝ հաղորդում է BBC-ն։
Ուկրաինայի նախագահը նոր առաջարկներ էր բերել Օսլո, որոնք Ուիթքոֆը պետք է փոխանցի Ռուսաստանի իշխանություններին։ Վոլոդիմիր Զելենսկին չի մանրամասնել, թե խաղաղության ինչ նոր նախաձեռնություններ են քննարկվել։
Օսլոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նորվեգիայի վարչապետը նույնպես չի մանրամասնել խաղաղության նոր առաջարկների էությունը, բայց ներկայացրել է դրանցում ներառված թեմաների շրջանակը. «Այսօր մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգությանը, հետպատերազմյան բարգավաճման ծրագրին, տարածքներին և պատժամիջոցներին, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը վերաբերող հարցեր»։
Զելենսկին Օսլոյում նաև հայտարարել է, որ Կիևը նախկինի պես ձգտում է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ, նրա կարծիքով, կարելի է քննարկել ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքային։ Կրեմլում բազմիցս ասել են, որ Պուտինը Զելենսկու հետ կարող է հանդիպել միայն Մոսկվայում, Ուկրաինան, սակայն, մերժել է այդ առաջարկը։

