Կարո՞ղ է եկեղեցին լինել առանց հոգևորականության․ պարզաբանում է Զաքարիա սրբազանը (տեսանյութ)
Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության, հայտարարել է Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։
«Հաճախ կարելի է լսել նման արտահայտություն՝ եկեղեցին ընդունում եմ, բայց եկեղեցականներին՝ ոչ։ Հարց է առաջանում՝ կարո՞ղ է եկեղեցին լինել առանց հոգևորականության»,- նշում է Սրբազան Հայրը։
Սրբազանի խոսքով՝ ըստ Պողոս Առաքյալի՝ եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է, որի անդամներն ենք բոլորս։
«Եկեղեցու գլուխը Քրիստոս է։ Եկեղեցին նաև Քրիստոսով հավատացյալների համախմբումն է, մենք եկեղեցու անդամ ենք դառնում Սուրբ մկրտությամբ՝ ստանալով Սուրբ հոգու շնորհները։ Եկեղեցու անդամի եկեղեցականացումն իրականացվում է խորհուրդների միջոցով, որոնք կատարվում են առաքելական հաջորդականությամբ ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականների միջոցով։ Դուք չեք կարող Սուրբ պատարագ մատուցել, Սուրբ հաղորդություն բաշխել, խորհուրդներ կատարել, մարդկանց մեղքերը կապել և արձակել։ Առանց վերոգրյալի՝ չի կարող կատարյալ լինել հավատացյալի և եկեղեցու կապը, հետևաբար, եզրակացությունը մեկն է ՝ եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության»,- ընդգծել է Զաքարիա Սրբազանը։

