Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ

Համացանցում տարածվել է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, երբ ուղևորներից մեկը դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը – խմբ.)՝ պահանջելով «իրեն նորմալ պահել»։ Մեկ այլ ուղևորուհի միջամտում է և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։

ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը անդրադառնալով միջադեպին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»։