Առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին օգնելու հարցում

«Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի» նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունը

 

«Եվրոպայի հայկական Միությունների ֆորում»-ի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտե»-ի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։

Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես Հայ Ազգի մեծ բարերարի և, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպանի։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և, հատկապես, կառուցած եկեղեցիներին, ինչպես նաև տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունած երկրում`Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին, որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։

Տեղյակ ենք Հայաստանում նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինություններին։

Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱԵ-ի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ, որի արդյունքում այսօր Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն։

Մենք հայտարարում ենք, որ առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին ու, մասնավորապես, պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական  պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցերում։

 

Աշոտ Գրիգորյան

ԵՀՄՖ-ի և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտե»-ի նախագահ