Շնորհավո՛ր տոնդ, հայ մամուլի աշխատակից
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը։ Այն նվիրված է հայկական պարբերական մամուլի սկզբնավորմանը և լրագրության զարգացման պատմությանը։
ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել Հայ մամուլի օր։
Հայ պարբերական մամուլի պատմության մեջ հոկտեմբերի 16-ը նշանավոր է․ 1794 թ. այդ օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը:

«…Բարեպաշտ պարոնաց և մաքրակենցաղ տիկնաց Մադրասիս Հայոց… Այս տետրակը լույս է տեսնելու ամիսը մեկ անգամ…, և իր մեջ պարունակելու է ինչպես ընթերցողներին հետաքրքրող ծայրագավառների անցյալն ու նորությունները, այնպես էլ զանազան այլ գրվածքներ, քարտեզներ…, ինչպես նաև զինվորական ու քաղաքական լուրեր, որոնք քաղցրալուր են ու օգտակար մեր ազգի զավակների համար»,- «Ազդարար» ամսագրի հրատարակության առաջին ազդագիր-հայտարարությունն է։
Հայկական մամուլը պատմականորեն ավելի մեծ առաքելություն է ունեցել, քան պարզապես տեղեկատվության աղբյուր։ Այն եղել է ազգային ինքնագիտակցության արթնացման, հասարակական-քաղաքական մտքի ձևավորման և մշակութային վերելքի հզորագույն լծակ։ Թերթերի և ամսագրերի էջերում բարձրացվել են ազգային խնդիրներ, ձևավորել հանրային կարծիք, լուսաբանել կարևոր իրադարձություններ։
Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմքն է, որը հաճախ անվանում են «չորրորդ իշխանություն»՝ հանրային վերահսկողություն ապահովելու և պետական մարմինների թափանցիկությունը երաշխավորելու իր գործառույթի պատճառով։ Եվ հենց այդ առաքելությունն է պատճառը, որ ԶԼՄ-ները և նրա ներկայացուցիչները հաճախ են թիրախավորվում, հետապնդվում, բախվում իշխանությունների կոշտ վերաբերմունքին, ընդհուպ ազատ խոսքի խոչընդոտմանը։
Շնորհավորելով մեր գործընկերներին՝ մաղթում ենք սուր գրիչ, անվերապահ սկզբունքայնություն և բացառապես ստույգ ու հավաստի լուրեր, «որոնք քաղցրալուր են ու օգտակար մեր ազգի զավակների համար», խոսքի և գործունեության ազատություն։
LIVEnews.am

