Իրանցի գեներալն ԱՄՆ-ին սպառնացել է, որ ցամաքային ներխուժման փորձը կհանգեցնի մեծ կորուստների
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին հայտարարել է, որ Իրանում ցամաքային գործողություն սկսելու ԱՄՆ-ի փորձը կհանգեցնի ամերիկացի զինվորականների մեծ կորուստների և զինվորների զանգվածային գերեվարման, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Նա շեշտել է, որ նման գործողությունը Վաշինգտոնի համար չափազանց թանկ կարժենա։
Նաղդին միաժամանակ զգուշացրել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական նավերի համար առկա վտանգի մասին։ Մեծ թվով զինծառայողներ տեղափոխող նավին հասցված հարվածը, նրա պնդմամբ, կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի և լուրջ հետևանքներ առաջացնել ԱՄՆ-ի ներսում։ Գեներալը հավելել է, որ Վաշինգտոնը թաքցրել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում իր ուժերի կորուստների իրական տվյալները։
Նաղդին ընդգծել է, որ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան բազաներին և հարյուրավոր ռազմական օբյեկտների։ Նա հայտարարել է նաև հակառակորդի ուղղաթիռների, ինքնաթիռների, կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Գեներալը պնդում է, որ ԱՄՆ-ի նախնական նպատակները՝ Իրանի քաղաքական համակարգի տապալումը և երկրի պառակտումը, ձախողվել են։
Նաղդին ընդգծել է, որ Թեհրանն իր ձեռքբերումների շարքում է համարում ոչ միայն հարձակումների հետ մղումը, այլև Իրանի միջազգային դիրքերի ամրապնդումը։

