Դատախազը Վեհափառի եղբոր համար առաջարկեց 3,5 տարի ազատազրկում սահմանել, եղբորորդու համար՝ 7,5

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով լրացուցիչ դատալսումները։

Նախորդ դատական նիստում դատարանը հրապարակել էր վերդիկտը և մեղավոր ճանաչել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին։

Այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցելով նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ մեղադրողը պահանջեց որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, միևնույն ժամանակ, նշված պատժին գումարել նախորդ վարույթով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատավճռի չկրած մասը՝ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է խափանման միջոցներին, ապա մեղադրողը գտնում է, որ դրանք պետք է պահպանվեն՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակվցական սենյակ։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին մեղադրյալի աթոռին են «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վաղարշապատում՝ նշված կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Նա հայտարարել էր, թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը: 

Ներսիսյաններն ի սկզբանե կալանավորված են եղել, սակայն նախորդող նիստերի ընթացքում նրանց խափանման միջոցը փոխվել է։ Պաշտպանական կողմը ճառով պնդել է, որ մեղադրանքն ի սկզբանե եղել է անհիմն և ապօրինի։