Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։

ՀՀ ԱԳՄԱ նախարարության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։ 

Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների: Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին: