Նիկոլ Փաշինյանը չի՞ վստահել

Քաղաքական վերլուծաբան՝ Հակոբ Բադալյան․

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է կետրոնանաք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ վավերացնելու վրա։ Սա ըստ էության նշանակում է, որ նա ազդարարում է Սահմանադրության փոփոխության գործընթացի վրա կենտրոնանալու մեկնարկ, որովհետեւ Ադրբեջանը դա է դնում որպես ստորագրման նախապայման։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրման ու վավերացման վրա կենտրոնանալու մասին հայտարարում է ՍԴ նախագահ Դիլանյանին ընդունելուց հետո։ Հանդիպման ֆորմալ առիթը Դիլանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտն է, բայց հնարավոր է, որ բուն պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարածն է, կապված է դրա հնարավորինս դյուրին տարբերակ գտնելու հետ։
Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում։ Այսինքն, ՍԴ նախագահն է գնացել վարչապետի մոտ, ինչը աղաղակող կերպով հակասում է դատական անկախության, առավել եւս ՍԴ անկախության փիլիսոփայությանը, որ ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ։
Բայց, այստեղ կարծում եմ կա մի շատ էական նրբերանգ։ Նիկոլ Փաշինյանն ըստ երեւույթին այդ կարեւոր խոսակցությունը չի «վստահել» ՍԴ շենքի «պատերին» եւ գերադասել է ՍԴ նախագահի հետ խոսել իր համար առավելագույնս վստահելի «պատերի ներսում»՝ կառավարությունում, իր աշխատանքային տարածքում։
Համենայն դեպս, վարչապետ Փաշինյանը թերեւս վստահ է, որ կառավարության շենքը այդ իմաստով առավել պաշտպանված կարող է լինել որեւէ «ականջից», քան օրինակ Սահմանադրական դատարանի շենքը»։