Բարդ հանգույց, որի գլխավոր շարժիչը շահն է․․․ որտե՞ղ է Հայաստանի հնարավորությունը
Հավակնոտ միջազգային հարաբերությունների կառուցումը համապարփակ ազգային ուժի բազմապատկիչ է
Համապարփակ ուժի տեսնակյունից՝ (Comprehensive National Power (CNP)-ը իմ ատենախոսության առանցքային թեման է), Միջազգային հարաբերություններում Հայաստանի խնդիրը ո՛չ թե պարզապես տարբեր պետություններում դեսպանություններ ունենալն է՝ որպես դեկորացիա, այլ դրանք իրական ազդեցության գործիք ծառայեցնելը։
Հայաստանի կարգավիճակում գտնվող պետության համար բազմաճյուղ համագործակցությունների ցանցի ստեղծումը կենասական նշանակություն ունի, և դա միջոց է ՀՀ CNP-ի ընդարձակման համար։
Միջազգային հարաբերություններում առանձնակի կարևոր է շահերի վրա հիմնված այնպիսի հարաբերությունների ցանցի կառուցումը, որը կվերաճի տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, կրոնական ․․․, ոլորտներից դեպի քաղաքական և ռազմական համագործակցության, ինչն էլ կընդլայնի Հայաստանի ազդեցությունը, և բավարար հնարավորությունների կուտակման պարագայում կստեղծի նաև քաղաքական, տնտեսական, ռազմական, ․․․, ուժի պրոյեկտման հնարավորություն։
Որպես օրինակ Եթովպիան՝ պետություն, որի հետ ունեն դավանաբանական ընդհանրություններ (Հայ Առաքելական Եկեղեցին և Եթովպական Ուղղափառ Եկեղեցին պատկանում են նույն՝ Արևելյան ուղղափառ (ոչ-քաղկեդոնական) եկեղեցիների ընտանիքին)։ Միաժամանակ երկու պետություններն էլ ունեն միևնույն խնդիրները՝ չունեն ելք դեպի ծով, ինչը առաջացնում է լուրջ խնդիրներ տնտեսական զարգացման տեսանկյունից՝ մեծացնելով կախվածությունը տարանցիկ հարևաններից։ Ավելին, պատմականորեն երկու երկրներն էլ իրենց տարածաշրջաններում եղել են ինքնատիպ քրիստոնեական կղզյակներ, որոնք սեփական գրի ու հավատքի շնորհիվ կարողացել են դիմակայել աշխարհաքաղաքական նույնանման մարտահրավերներին։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանն այս ուղղությամբ, բացի Ադիս–Աբեբայում դեսպան նշանակելը․․․ Դատելով արդյունքներից, կարելի է ասել ոչինչ։ Եվ դա կարծում եմ դեսպանի խնդիրը չէ, այլ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նպատակները, խնդիրները, որոնք սահմանելուց հետո է, որ յուրաքանչյուր դեսպան իր գտնվելու երկրում կկարողանա ծավալել համապարփակ աշխատանք։
Եգիպտոսի, Սոմալիի, Էրիթրեայի և Սուդանի մասնակցությամբ հոկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովն ըստ էության հակաեթովպիական ուղղվածություն ունի, և նշանավորում է նրա դեմ ստեղծվող նոր արտաքին դաշինք։ Թեև համատեղ հայտարարության մեջ Եթովպիայի անունը ուղղակիորեն չի նշվում, ընդունված հռչակագիրը պաշտպանում է Սոմալիի տարածքային ամբողջականությունը և մերժում Սոմալիլենդի ճանաչումը:
Աֆրիկյան եղջյուրում ձևավորվող այս բարդ կոնֆիգուրացիայի մեջ թեպետ Թուրքիան պահպանում է Եթովպիայի հետ ռազմավարական հարաբերություններ, սակայն Սոմալին հանդիսանում է Աֆրիկյան եղջյուրում Թուրքիայի ուժի պրոյեկտման (power projection) հիմնական և գլխավոր ցատկահարթակը։ Մյուս կողմից՝ ԱՄԷ–ն և Իսրայելը աջակցում են Եթովպիային, իսկ Իսրայելը առաջին պետությունն էր, որը ճանաչեց ինքնահռչակ Սոմալիլենդը, որը փորձում է անկախություն ստանալ Սոմալիից։ Սոմալիլենդը մյուս կողմից օգտվում է նաև Եթովպիայի աջակցությունից։
Ինչպես տեսնում ենք, այստեղ բարդ հանգույց է ձևավորվել, որի գլխավոր շարժիչը շահն է՝ լոգիստիկ, ռազմավարական զսպման, երթուղիների վերահսկման և այլն։
Որտե՞ղ է այստեղ Հայաստանի հնարավորությունը, և ինչպե՞ս Աֆրիկյան եղջյուրում Հայաստանի ակտիվությունը կարող է նպաստել մեր տարածաշրջանում ձևավորված ուժային դիսբալանսի փոփոխությանը երկարաժամկետ հեռանկարում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ձևավորել համագործակցության նոր հարթակ (օրինակ Հայաստանի և ԱՄԷ, Իսրայել և այլ կողմերի հետ)։
Ամեն դեպքում՝ միջազգային հարաբերությունները բարդ, բայց բազմաթիվ հնարավորություններով խաղի դաշտ է, որտեղ շահում են նրանք, ովքեր առավել իրատես են, բայց՝ առավել հավակնոտ։
Քաղաքագետ՝ Արա Պողոսյան

