Արթրիտը միայն «ծերության հիվանդություն» չէ․ պատճառները և բուժման ռազմավարությունները

Արթրիտի համաշխարհային օրը 1996 թվականից նշվում է ամեն տարի հոկտեմբերի 12-ին։ Օրվա նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ռևմատիկ և հենաշարժական համակարգի հիվանդությունների, դրանց վաղ ախտորոշման, բուժման, վերականգնման և կյանքի որակի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Արթրիտը և այլ ռևմատիկ ու հենաշարժական հիվանդությունները միայն առանձին մարդու հոդերի ցավի կամ շարժունակության սահմանափակման խնդիր չեն․ նշում է «Հերացի» վերլուծականը։

Դրանք հանրային առողջության նշանակալի խնդիր են, քանի որ տարածված են բնակչության շրջանում, կարող են առաջացնել երկարատև ցավ և հաշմանդամություն, սահմանափակել կրթության, աշխատանքի և առօրյա կյանքին մասնակցությունը և մեծացնել առողջապահական ու սոցիալական ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում մոտ 1.71 միլիարդ մարդ ապրում է հենաշարժական համակարգի հիվանդություններով։ Այս հիվանդությունները հաշմանդամության հիմնական պատճառներից են և կարող են էականորեն ազդել մարդու ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցության վրա։ 

Հանրային առողջապահության տեսանկյունից հիմնական ուղերձը պարզ է․ արթրիտի բեռը հնարավոր է նվազեցնել ոչ միայն բուժման, այլև կանխարգելման, առողջ ապրելակերպի, վաղ ախտորոշման և արդյունավետ վերականգնման միջոցով։

Արթրիտը միայն «ծերության հիվանդություն» չէ: «Արթրիտ» հասկացությունը ներառում է հոդերի բազմաթիվ հիվանդություններ և վիճակներ։ Ռևմատիկ և հենաշարժական հիվանդությունների (RMDs) խմբում ընդգրկվում են ավելի քան 200 տարբեր հիվանդություններ, որոնք կարող են ախտահարել հոդերը, ոսկրերը, մկանները, ջլերը և հարակից հյուսվածքները։ Դրանք կարող են հանդիպել տարբեր տարիքային խմբերում և զգալիորեն սահմանափակել շարժունակությունը, աշխատանքային գործունեությունն ու առօրյա կյանքը։

Օստեոարթրիտը՝ ամենատարածված հոդային հիվանդություններից մեկը: 

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2019 թվականին աշխարհում մոտ 528 միլիոն մարդ ունեցել է օստեոարթրիտ։ 1990 թվականի համեմատ դեպքերի թիվն աճել է մոտ 113%-ով։ Օստեոարթրիտով ապրող մարդկանց մոտավորապես 73%-ը 55 տարեկանից բարձր է, իսկ 60%-ը՝ կանայք: Ամենահաճախ ախտահարվող հոդերից են՝ ծնկահոդերը, կոնքազդրային հոդերը, ձեռքերի հոդերը, ողնաշարի հոդային կառուցվածքները։ Կարևոր է ընդգծել, որ օստեոարթրիտը ծերացման անխուսափելի հետևանք չէ։ Տարիքը ռիսկի գործոն է, սակայն հիվանդության զարգացման վրա ազդում են նաև ավելորդ քաշը, հոդերի վնասվածքները, նախկին ծանրաբեռնվածությունը և այլ գործոններ։ 

Արթրիտի բեռը դիտարկելիս հատկապես կարևոր են.

Բնակչության ծերացումը․ օստեոարթրիտի տարածվածությունը մեծանում է տարիքի հետ։

Ավելորդ քաշը և գիրությունը․ բարձր BMI-ն օստեոարթրիտի հաշմանդամության կարևոր ռիսկային գործոններից է։ 

Կանանց շրջանում բարձր բեռը․ OA-ի և RA-ի դեպքում կանայք ընդհանուր առմամբ ունեն ավելի բարձր հիվանդացության/տարածվածության ցուցանիշներ։ 

Հաշմանդամությունը․ արթրիտի նշանակալի մասը կապված է ոչ թե մահացության, այլ երկարատև ցավի, շարժունակության սահմանափակման և կյանքի որակի վատացման հետ։

Առողջապահական համակարգի բեռը․ հիվանդության երկարատև բնույթը պահանջում է առաջնային օղակի, ռևմատոլոգիայի, օրթոպեդիայի, ֆիզիոթերապիայի և վերականգնողական ծառայությունների համակցված մոտեցում։

Ինչպե՞ս կանխարգելել. 

  • Պահպանել մարմնի քաշը.

Ավելորդ քաշը մեծացնում է հատկապես ծնկների և կոնքազդրային հոդերի մեխանիկական ծանրաբեռնվածությունը։ ԱՀԿ-ն ավելորդ քաշն ու գիրությունը դիտարկում է որպես օստեոարթրիտի տարածվածության աճին նպաստող գործոններից մեկը։

  • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն

Չափավոր և հոդերին համապատասխան ֆիզիկական ակտիվությունը նպաստում է մկանների ամրապնդմանը, շարժունակության պահպանմանը և ֆունկցիոնալ կարողությունների բարելավմանը։ Հոդացավի առկայության դեպքում ֆիզիկական ակտիվության տեսակը և ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանեցնել բժշկի կամ ֆիզիկական թերապևտի խորհրդին։

  • Կանխել և ճիշտ բուժել վնասվածքները

Հոդերի նախկին վնասվածքները կարող են հետագայում բարձրացնել օստեոարթրիտի զարգացման ռիսկը։ Ուստի սպորտային և աշխատանքային վնասվածքների ժամանակ կարևոր է ժամանակին դիմել մասնագետի։ 

  • Չանտեսել երկարատև հոդացավը

Հոդի ցավը, այտուցը, առավոտյրկարատև կարկամությունը կամ շարժունակության սահմանափակումը չպետք է պարզապես վերագրվեն տարիքին։ Վաղ բժշկական գնահատումը կարևոր է, քանի որ տարբեր տեսակի արթրիտների բուժման մոտեցումները տարբեր են։

  • Չզբաղվել ինքնաբուժմամբ

Հատկապես քրոնիկ հոդացավի դեպքում ցավազրկող կամ հակաբորբոքային դեղերի երկարատև օգտագործումը պետք է իրականացվի բժշկական խորհրդով՝ հաշվի առնելով հնարավոր հակացուցումները և կողմնակի ազդեցությունները։

Անհրաժեշտ է դիմել բժշկի եթե ունեք

երկարատև կամ կրկնվող հոդացավ,

հոդի այտուց կամ տաքություն,

առավոտյան արտահայտված կարկամություն,

հոդի շարժունակության աստիճանական սահմանափակում,

միաժամանակ մի քանի հոդերի ախտահարում,

ախտանիշներ, որոնք խանգարում են աշխատանքին, քնին կամ առօրյա գործունեությանը։

Հատկապես կարևոր է վաղ դիմել բժշկին այն դեպքերում, երբ ախտանիշները պահպանվում են կամ աստիճանաբար ուժեղանում են։

Ինչո՞ւ է կարևոր վաղ ախտորոշումը.

Արթրիտի տարբեր տեսակներ ունեն տարբեր պատճառներ և բուժման ռազմավարություններ։

Օրինակ՝ օստեոարթրիտը և ռևմատոիդ արթրիտը նույն հիվանդությունը չեն։ Ռևմատոիդ

արթրիտը իմունային համակարգի հետ կապված բորբոքային հիվանդություն է և պահանջում է մասնագիտական գնահատում ու համապատասխան բուժում։

Վաղ ախտորոշումը կարող է հնարավորություն տալ ժամանակին սկսել համապատասխանբուժում, պահպանել հոդերի ֆունկցիան և նվազեցնել հիվանդության երկարաժամկետ ազդեցությունը մարդու կյանքի որակի վրա։

Վերականգնումը բուժման կարևոր մասն է: ԱՀԿ-ի տվյալներով՝ հենաշարժական հիվանդությունները վերականգնողական ծառայությունների անհրաժեշտության կարևոր պատճառներից են։ Վերականգնումը կարող է ներառել ֆիզիկական թերապիա, վարժություններ, ֆունկցիոնալ կարողությունների վերականգնում, ցավի կառավարման մոտեցումներ և առօրյա գործունեությանը հարմարվելու աջակցություն։ 

Հոդերի առողջության պահպանումը սկսվում է շարժունակության պահպանմամբ, առողջ քաշով, վնասվածքների կանխարգելմամբ և ախտանիշների դեպքում ժամանակին մասնագիտական դիմումով։

Իրազեկվածությունը, վաղ ախտորոշումը, ապացուցահեն բուժումը և վերականգնումը միասին կարող են օգնել մարդկանց երկար պահպանել շարժունակությունն ու կյանքի որակը։