Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա Տոնոյան

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել էր 2 ամսով:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ 

Գործարարն ինքը մեղադրանքը չի ընդունում։

Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է: