BlackRock-ը ինչպես է ազդում համաշխարհային տնտեսության վրա և ինչ կապ ունի TRIPP-ի հետ
Ի՞նչ է BlackRock-ը
Ժամանակակից աշխարհում համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն նաև այն ֆինանսական կառույցները, որոնք կառավարում են հսկայական կապիտալ, ներդրումներ են կատարում տարբեր ոլորտներում և մասնակցում ընկերությունների զարգացմանն ու ֆինանսական շուկաների ձևավորմանը։
BlackRock-ը աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչներից է և կարևոր դեր ունի միջազգային ֆինանսական համակարգում։
BlackRock-ի ազդեցությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպես է աշխատում ընկերությունը և ինչ մեխանիզմներով է այն ներգործում համաշխարհային տնտեսության վրա։
Ինչպե՞ս է ստեղծվել BlackRock-ը
BlackRock-ը հիմնադրվել է 1988 թվականին Նյու Յորքում՝ Լարի Ֆինկի (Larry Fink) և նրա յոթ գործընկերների կողմից։ Սկզբում ընկերությունը կենտրոնացած էր պարտքային ֆինանսական գործիքների կառավարման և ներդրումային ռիսկերի գնահատման վրա։

Ընկերության զարգացման կարևոր փուլերից մեկը 1999 թվականն էր, երբ այն դուրս եկավ Նյու Յորքի ֆոնդային բորսա։ Հետագայում BlackRock-ն ընդլայնեց իր գործունեությունը՝ ձեռք բերելով այլ ֆինանսական ընկերություններ և զարգացնելով ներդրումային տեխնոլոգիաները։
Ի՞նչ է իրականում անում BlackRock-ը
BlackRock-ի գործունեությունը հասկանալու համար պետք է ծանոթանալ մի կարևոր հասկացության՝ ակտիվների կառավարում։
Այն կառավարում է հաճախորդների ներդրումային պորտֆելները՝ օգտագործելով բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ֆինանսական գործիքներ։
Ընկերության հաճախորդների թվում են՝
- անհատ ներդրողներ,
- կենսաթոշակային հիմնադրամներ,
- ապահովագրական ընկերություններ,
- բանկեր և այլ ֆինանսական հաստատություններ,
- տարբեր երկրների ու կազմակերպությունների ներդրումային կառույցներ։
Որքա՞ն մեծ է BlackRock-ը
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարվող ակտիվները կազմում են 14 տրիլիոն դոլար: Այս մասշտաբը BlackRock-ին դարձնում է համաշխարհային ֆինանսական շուկայի կարևոր մասնակից։

Ինչպե՞ս է BlackRock-ը ազդում համաշխարհային տնտեսության վրա
BlackRock-ի ազդեցությունը կարելի է հասկանալ մի քանի ուղղությամբ։
Առաջին՝ կապիտալի բաշխում։ Երբ ֆոնդերը ներդրումներ են կատարում ընկերությունների բաժնետոմսերում կամ պարտատոմսերում, դրանք մասնակցում են կապիտալի շուկայի գործունեությանը։ Ներդրումների պահանջարկը կարող է ազդել ֆինանսավորման հնարավորությունների և շուկայական գների վրա։
Երկրորդ՝ ընկերությունների կառավարում։ Որոշ ֆոնդերի միջոցով BlackRock-ը բաժնետերերի անունից կարող է քվեարկել ընկերությունների տարեկան ժողովներում։ Այդ քվեարկությունները կարող են վերաբերել տնօրենների խորհրդին, ղեկավարների վարձատրությանը և կորպորատիվ կառավարման այլ հարցերի։
Երրորդ՝ ֆինանսական տեխնոլոգիաներ։ BlackRock-ը զարգացրել է Aladdin համակարգը, որն օգտագործվում է ներդրումային պորտֆելների, ռիսկերի և ֆինանսական տվյալների վերլուծության համար։
Այս գործոնների համադրությունը բացատրում է, թե ինչու է ընկերությունը մեծ հետաքրքրություն առաջացնում տնտեսագետների և քաղաքականություն ուսումնասիրողների շրջանում։
BlackRock-ի մասին քննարկումները հաճախ անցնում են տնտեսության սահմաններից և հասնում քաղաքականության ու համաշխարհային իշխանության հարցերին
Իրական ազդեցությունը հասկանալու համար պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր ներդրումային ֆոնդի կառուցվածքը, բաժնետիրական իրավունքները, քվեարկության քաղաքականությունը և տվյալ երկրի օրենքները։
Քանի որ BlackRock-ը աշխատում է խոշոր հաստատությունների և պետական կառույցների հետ, դրա ղեկավարները կարող են մասնակցել տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին։
Ընկերության ազդեցությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև կենտրոնական բանկերի, կառավարությունների, կարգավորող մարմինների և այլ ֆինանսական կառույցների դերերը։
Ի՞նչ ճանապարհներով կարող է BlackRock-ը ազդել քաղաքականության վրա
- Կառավարությունների հետ երկխոսություն
- Խոշոր ընկերությունների բաժնետիրական քվեարկություններ
- Տնտեսական փորձագիտություն և վերլուծություն
- Լոբբինգ և հանրային քաղաքականության քննարկումներ
Ո՞ր ոլորտներում կարող է BlackRock-ի ազդեցությունն առավել նկատելի լինել
- Ֆինանսական կարգավորում
Բանկերի, ներդրումային ֆոնդերի, շուկաների թափանցիկության և ներդրողների պաշտպանության կանոններ։
- Էներգետիկա և կլիմա
Էներգետիկ ընկերությունների ֆինանսավորումը, կլիմայական ռիսկերի բացահայտումը և էներգետիկ անցման վերաբերյալ քաղաքականությունը։
- Կենսաթոշակներ և խնայողություններ
Կենսաթոշակային հիմնադրամների ներդրումային ռազմավարությունները և մարդկանց երկարաժամկետ խնայողությունների կառավարումը։
- Կորպորատիվ կառավարում
Տնօրենների ընտրություն, բաժնետերերի իրավունքներ և խոշոր ընկերությունների կառավարման չափանիշներ։
BlackRock-ի հնարավոր ներգրավվածությունը TRIPP նախագծում

BlackRock-ը մասնակցո՞ւմ է TRIPP նախագծին որպես ներդրող, ֆինանսավորող կամ որոշումներ կայացնող կողմ։ Հարցը հայկական մեդիադաշտում բազմիցս քննարկվել է։
Տարեսկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռազմավարական գործընկերության պայմանագրեր է կնքել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ: Ենթադրվում է համագործակծություն՝ այդ թվում նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում:
Առայժմ պարզ չէ, BlackRock-ը TRIPP-ի պաշտոնական մասնակի՞ցն է կամ նախագծի նկատմամբ ունի՞ սեփականության իրավունք, քանի որ նախագծի ֆինանսավորման կառուցվածքը նախատեսում է նաև մասնավոր ներդրողների մասնակցություն։
Հարց է առաջանում, արդյո՞ք հենց այս խողովակով Ադրբեջանն իր մասնաբաժինը չի ստանա TRIPP կառուցապատման իրավունք ստացող ընկերության ամերիկյան բաժնեմասի 74%-ի մեջ: Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանի մասնաբաժանինն այդ նախագծում 26 տոկոս է, ամերիկյանը՝ 74։

