Հայաստանը ԵԽ-ի հետ պատրաստվում է ստորագրել սերիալների համատեղ արտադրության մասին կոնվենցիա

Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրոպայի խորհրդի՝ «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» կոնվենցիան։ ԿԳՄՍ նախարարությունն էլ համապատասխան փաստաթղթի ստորագրումը նպատակահարմար է համարել։

Կոնվենցիան վերաբերում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների միջազգային համատեղ արտադրությանը։ Այն սահմանում է մասնակից երկրների համագործակցության ընդհանուր սկզբունքները և նախատեսված է նման նախագծերի համար միասնական ու կանխատեսելի իրավական միջավայր ձևավորելու համար։

ԿԳՄՍՆ-ի հիմնավորմամբ՝ կոնվենցիային միանալը հայաստանյան արտադրողներին հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել միջազգային համատեղ նախագծերին և ընդլայնել հայկական սերիալների արտադրության ու միջազգային տարածման հնարավորությունները։

Ակնկալվում է նաև, որ համատեղ արտադրությունների միջոցով Հայաստան կներմուծվեն նոր տեխնոլոգիաներ և կառավարման մեխանիզմներ, կզարգանան ոլորտի մասնագետների կարողությունները և կմեծանա երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը։

Կոնվենցիան այս պահին ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 11 պետություն՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան և Միացյալ Թագավորությունը։

Փաստաթուղթը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն երեք պետության վավերացում, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամ։

Նշենք, որ Կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը պետք է միջազգային համատեղ արտադրության չափանիշներին համապատասխանող սերիալների համար ապահովի նույն ֆինանսական աջակցության հնարավորությունները, որոնք նախատեսված են ազգային արտադրությունների համար։