2027թ․ պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան
Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։
Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին կպահպանվի մոտ 47% մակարդակում, իսկ մինչև 2029 թվականը կնվազի՝ հասնելով մոտ 46.4%-ի։ Բյուջեի եկամուտների ավելացման նպատակով նախատեսվում է բարելավել հարկային վարչարարությունը, շարունակել ստվերային տնտեսության դեմ պայքարը և հարկային օրենսդրության միջոցով ձևավորել ավելի կանխատեսելի միջավայր ներդրողների համար։ Կառավարությունը նախատեսում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կշարունակի աճել և 2029 թվականին կհասնի 25.7%-ի։
Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը։

