Ժողովրդագրական մտահոգիչ պատկեր
Հայաստանում 2022–2025 թվականների վիճակագրությունը լուրջ մտորումների առիթ է տալիս։
2022 թ.՝ 16 795 ամուսնություն, 4 525 ամուսնալուծություն- 26,9%
2023 թ.՝ 16 330 ամուսնություն, 4 525 ամուսնալուծություն- 27,5%
2024 թ.՝ 15 324 ամուսնություն, 4 689 ամուսնալուծություն- 30,5%
2025 թ.՝ 13 821 ամուսնություն, 4 881 ամուսնալուծություն- 35,3%
2025 թվականին, 2022 թվականի համեմատ, ամուսնությունների թիվը նվազել է 17,7 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվը աճել է 7,9 տոկոսով։
Զուգահեռաբար՝ հղիության ընդհատումների՝ ներառյալ ինքնաբեր վիժումների, գրանցված թիվը կազմել է՝
2022 թ.՝ 11 314։
2023 թ.՝ 10 666։
2024 թ.՝ 10 824։
2025 թ.՝ 10 450։
Չորս տարում՝ ընդհանուր 43 254 դեպք։ Թեև 2025 թվականի ցուցանիշը ցածր է 2022 թվականի ցուցանիշից, տարեկան գրանցված դեպքերի թիվը շարունակում է գերազանցել 10 հազարը։ Այս թվերի մեջ ներառված են նաև բժշկական ցուցումներով հղիության ընդհատումները, և ներառված չեն չգրանցված հղիության ընդհատման դեպքերը:
1991–2025 թվականներին Հայաստանում գրանցվել է առնվազն 511.522 հղիության ընդհատում։ Ընդ որում, այս թիվը չի ներառում 1998 թվականի տվյալը, որը հրապարակված վիճակագրական տվյալների բազայում բացակայում է։
Սա ժողովրդագրական մտահոգիչ պատկեր է։
Պատկան պետական մարմինները և այս ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններն ու մասնագետները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է համակողմանի ուսումնասիրեն և վերհանեն այս միտումների պատճառները, գնահատեն դրանց սոցիալական, տնտեսական, առողջապահական և այլ գործոնները։
Անհրաժեշտ է ոչ միայն խոսել հետևանքների մասին, այլև մշակել ու իրականացնել պատճառների վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ, այդ թվում՝ ընտանիքի ամրապնդման, ամուսնությունների և ծնելիության խրախուսման, հղիության ընդհատումների պատճառների նվազեցման ուղղությամբ։
Ժողովրդագրությունը միայն թվերի մասին չէ։ Այն երկրի ապագայի մասին է։

